Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի միջոցառում Թբիլիսիում
2017 թվականի փետրվարի 28-ին, Թբիլիսիի Ռեդիսոն –բլու հյուրանոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի երեկո:
Հիշատակի միջոցառումը կազմակերպել էին Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունները: Միջոցառմանն իրենց ներկայությունն էին բերել ինչպես Թբիլիսիի հայ մտավորականները, համայնքային գործիչները և հասարակայնության ներկայացուցիչները, այնպես էլ վրացի մտավորականներ և հասարակական գործիչներ: Միջոցառմանը ներկա էին նաև Վրաստանում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:
Հայկական ջարդերի զոհերի հիշատակին իրենց խոնարհումը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը և պաշտոնեությունը:
Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի մասնակցությամբ հոգեհանգստյան աղոթքով:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Այնուհետև հիշատակի երեկոյի վարողներ Լիզա Թորոսյանը և Միքայել Ավագյանը հայերեն և վրացերեն լեզուներով ներկայացրեցին Վրաստանի հայկական ոչկառավարական կազմակերպությունների կողմից երկրի ղեկավարներին ուղղված նամակը՝ Վրաստանի բազմազգ բնակչության խաղաղ համակեցությանը նպատակաուղղված քայլերը կանխարգելելու դիմումով:
Ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խորհրդական Արթուր Սարգսյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության համակարգող Մարի Առաքելովան, Վրաստանի Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը: Բանախոսները տարբեր լեզուներով անդրադարձ կատարեցին զարհուրելի դեպքերին, ներկայացրեցին միջազգային քաղաքագետների և լրատվամիջոցների արձագանքը հայկական ջարդերին:
Այնուհետև ցուցադրվեց տեսաֆիլմ Սումգայիթյան դեպքերի մասին:
Ելույթ ունեցողները դատապարտեցին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում 1988-91 թվականներին տեղի ունեցած կոտորածները և ավերածությունները, որոնց ջարդարարական տրամադրությունը շարունակվում է Արցախի սահմանին, ուր այսօր էլ ադրբեջանցիների գնդակից զոհվում են հայ զինվորներ: Ելույթ ունեցողները կոչ ուղղեցին Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին՝ չտրվել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության և Ադրբեջանից Վրաստան ժամանող «էմիսարների» խարդավանքներին և հետևելով Վրաստանի ավանդույթներին, շարունակել վրացական օրհնյալ հողում ապրել բարեկամության և խաղաղության մթնոլորտում:
Միջոցառման մշակութային մասում հնչեց հայկական դուդուկը՝ Իվանե Մկրտչյանի կատարմամբ, դասական երաժշտության կատարումներով հանդես եկան Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի լարային գործիքների ամբիոն վարիչ, պրոֆեսոր Էռնստ Առաքելյանի ջութակի դասարանի ուսանողներ Հենրիխ Էրոյանը, Նաթիա Ճիաշվիլին, Տատա Քորքաձեն և Տատա Գվազավան: Դաշնամուրի մոտ նվագակցում էր Իրինա Պլատոնովան: Հիշատակի միջոցառումը եզրափակեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևայի գլխավորությամբ և երգեհոնահար Կարեն Միրզոյանի նվագակցությամբ: