Վրաստանը ժխտում է Հայաստանի հետ Աբխազիայի միջոցով երկաթուղու հարցի քննարկումը

«Վրաստանի իշխանությունը, հնարավոր է, ետնաբեմային բանակցություններ է վարում Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին», -կարծում են Միացյալ Ազգային Շարժում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։

Ելույթ ունենալով հատուկ մամլո-ասուլիսի ընթացքում կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուրուան հայտարարել է «հիմնավորված կասկածների» մասին, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի վարչապետի՝ փետրվարի 23-24-ին Վրաստան կատարած այցելության ժամանակ։

Վրացական ընդդիմության համար անհանգստության առիթ է դարձել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ Թբիլիսում եղած ժամանակ լրագրողների հետ զրույցի ընթացքում։ «Եթե ձեզ հետաքրքրում է կլինի արդյոք Լարսին այլընտրանք (մաքսային անցակետ ռուս-վրացական սահմանին՝ միակ ցամաքային ճանապարհը Հայաստանից Ռուսաստան), ապա կարող եմ հավատացնել ձեզ, որ այո՛, կլինի։ Մնացածի մասին հետո, ես դեռևս փակագծերը չեմ բացի։ Մենք պայմանավորվել ենք ինչպես Լարսի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի», -հայտարարել է Կարապետյանը։

«Ազգային շարժման» կարծիքով հայ վարչապետը կարող էր նկատի ունենալ երկաթուղու աբխազական հատվածը։

«Աբխազական երկաթգծի բացումը լիովին անթուլատրելի է… Դա ակնհայտ դավաճանություն կլինի ազգային շահերին, դա կլինի մի քայլ, որից կշահեն միայն Ռուսաստանը և սեպարատիստները, իսկ Վրաստանը միայն կտուժի, քանի որ դա կհանգեցնի վրացական նավահանգիստներում ապրանքաշրջանառության անկման, ինչպես նաև կվատթարացնի մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ», -հայտնել է Նիկա Ռուրուան։ Նա պահանջել է իշխանությունից պարզեցում մտցնել այդ հարցում, իսկ հակառակ դեպքում սպառնացել է «ժողովրդական անհանգստություններով»։

«Ազգային շարժման» բողոքին է միացել նաև Եվրոպական Վրաստան կուսակցությունը, որը պահանջել է կառավարությունից ամբողջական տեղեկություն բանակցությունների վերաբերյալ։

Մինչդեռ, Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն ընդդիմադրության հայտարարությանն ի պատասխան՝ հայտարարել է, որ հայկական պատվիրակության այցելության ժամանակ Աբխազիայի միջոցով անցնող ճանապարհի մասին չեն խոսել, ավելին Վրաստանի կառավարությունն այդ հարցը նույնիսկ չի քննարկում։ Ընդդիմադիրների հայտարարությունը նա սուտ է անվանում։
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ևս միանգամայնորեն հերքել է Աբխազիայի տարածքի միջոցով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցման բացման քննարկումը։ «Այդ հարցն անուղղակիորեն կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի հետ և դիտարկել դա կարելի է միայն տվյալ համատեքստում», -հայտնել է Աբաշիձեն։

Միաժամանակ, հայկական պատվիրակության հայրենիք վերադառնալուց հետո հայ պաշտոնական անձանցից ոչ ոք չի հայտարարել տարանցիկության վերաբերյալ Վրաստանի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։

Աբխազիայի միջոցով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցման վերականգնման հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացվել է 2012թ Վրաստանի իշխանափոխությունից հետո, այդ թվում նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ամեն անգամ այդ հարցի քննարկումը առաջացրել է կտրուկ բացասական արձագանք ընդդիմության և հասարակության մի մասին մեջ։

Վրաստանի Հայ Համայնք