Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

2017թ-ի հունվարին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 651
000 000 դոլար, ինչը 22%-ով ավել է, քան 2016թ-ի հունվարին։ Արտահանման
ծավալը կազմել է 177 000 000 դոլար, իսկ ներկրման ծավալը՝ 474 000 000
դոլար։

Ելույթ ունենալով Մյունխենյան վեհաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի Արտաքին
գործերի նախարարը հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային
ռեժիմի չեղարկումը կախված է երկու երկրների իրավապահպան մարմինների միջև
համագործակցությունից։ «Դա կախված է նաև անվտանգության ապահովման հարցից։
Հատկապես այն բանի հաշվառմամբ, որ ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլև
Հարավային Կովկասի տարածածրջանը դարձել է այն ուղին, որը փորձում են
օգտագործել ծայրահեղականներն ու ահաբեկիչները։ Երբ մենք կհաստատենք լիարժեք
հարաբերություններ մեր երկրների իրավապահպան մարմինների միջև,
համապատասխանաբար կնվազեցնենք գոյություն ունեցող սպառնալիքները, այդ
ժամանակ գուցե մենք կկարողանանք մտածել Վրաստանի քաղաքացիների համար
վիզային ռեժիմի չեղարկման մասին», -հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի հայտարարությունից ոչ մի նոր բան
չիմացանք։ Կրեմլի ներկայացուցիչները և Ռուսաստանի ԱԳՆ-ն պարբերաբար նման
հայտարարություններ են անում։ Այն, որ Վրաստանը անվտանգ երկիր է,
հաստատվում է գոնե նրանով, որ Եվրամիությունը մեր միջև հաստատել է առանց
վիզա ռեժիմը», -Լավրովի հայտարարությանն ի պատասխան՝ հայտարարել է Վրաստանի
Արտաքին գործերի նախարարությունը։

Վրաստանի նախագահը կոչ է արել երկրի Կառավարությանը լինել ավելի բաց և
պատրաստ երկխոսության համար։ «Վերջին 4 ամիսների ընթացքում դեպքերի
զարգացումը ստիպում է ինձ դիմել Վրաստանի Կառավարությանը՝ անհրաժեշտ է
պատրաստ լինել երկխոսությանը, պետք է ավելի շատ լսել հասարակությանը։ Այն
փաստը, որ դուք ղեկավարում եք սահմանադրական մեծամասնությունը, բոլորովին
չի նշանակում, որ դուք ճշմարտությունն եք վերահսկում և դուք
անհրաժեշտություն չունեք լսելու հասարակության մնացած մասի կարծիքը։ Մենք
բոլորս պետք է շփվենք միմյանց հետ։ Այդ շփման մեջ ինչ-որ մեկը շահում է,
իսկ ինչ-որ մեկը պարտվում, բայց արդյունքում մենք բոլորս մոտենում ենք
ճշմարտությանը», -հայտարարել է Վրաստանի նախագահը։

Շաբաթվա սկզբում «Մեդիատոր» հետազոտական կենտրոնը հրապարակել է
հետազոտության տվյալները, որի համաձայն պարզվում է, որ «Վրացական երազանք»
իշխող կուսակցության 115 պատգամավորից 37-ը միլիոնատերեր են։ «Խորհրդարանի
պատգամավորների հարկային հրապարակումների համաձայն՝ իշխող կուսակցության 37
պատգամավորներ հանդիսանում են ավելի քան միլիոն լարի արժողությամբ
սեփականության տերեր։ Ինչպես նաև անցկացված հետազոտության տվյալների
համաձայն՝ 6 նախարար ևս հանդիսանում են միլիոնատերեր», -ասված է տարածված
տեղեկության մեջ։

Վրաստանի Խորհրդարանի նախագահի հայտարարության համաձայն՝ «երկրի
հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը մեծացնելու
նպատակով ծրագրվում է պետական մակարդակով անցկացնել մի շարք տարբեր
միջոցառումներ»։ Երկրի հասարակական և քաղաքական կյանքում ազգային
փոքրամասնությունների մասնակացությունն ակտիվացնելու վերաբերյալ Վրաստանի
Խորհրդարանի նախագահն այս անգամ էլ ոչինչ չի հայտարարել։

Փետրվարի 22-23-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության
Գյուղատնտեսության նախարարի առաջին պաշտոնական այցելությունը Վրաստան։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության
հարցերը։ Ուշադրություն են դարձրել երկու նախարարությունների միջև
գոյություն ունեցող համագործակցության քաղաքականությունը, ինչպես նաև երկու
երկրներում գյուղատնտեսության արդյունաբերության զարգացման
ռազմավարությանը։ Ինչպես նաև քննարկվել են սննդամթերքի անվտանգությանը,
անասնաբուժությանը և բուսապահպանությանը վերաբերող հարցերը։ Կողմերը
քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության
խորացման հարցերը», -ասված է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության
կողմից տարածած հայտարարությունում։

Փետրվարի 23-24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի
պաշտոնական այցելությունը Թբիլիսի։ Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի
վարչապետը հանդիպում է անցկացրել Վրաստանի նախագահի, վարչապետի հետ,
մասնակցություն է ունեցել հայկական և վրացական կառավարական
պատվիրակությունների ընդարձակ նիստին, հանդիպել է հայ և վրաց գործարարների,
հոգևոր և աշխարհիկ համայնքային ներկայացուցիչների հետ։

«Հանդիպում է կայացել Վրաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։
Կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության հարցեր և ևս մեկ անգամ
ընդգծել են, որ Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները զարգացման մեծ
պոտենցիալ ունեն, հատկապես տնտեսական համագործակցության ուղղությամբ։
Կողմերը քննարկել են վրացական բռնագրավված տարածքներին վերաբերող հարցեր,
քննարկել են տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները և տարածաշրջանային
անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր», -ասված է Վրաստանի նախագահի
վարչության հայտարարությունում։

«Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերություները շատ բարձր մակարդակի վրա են,
բայց մենք, այնուամենայնիվ, ունենք շատ մեծ հեռանկարներ։ Մենք ժամանել ենք
Վրաստան և բերել ենք որոշակի գաղափարներ, որոնցով ծրագրում են կիսվել
վրացական կողմի հետ։ Համոզված եմ, որ բոլոր հանդիպումները արդյունավետ
կլինեն», -մինչ Վրաստան պաշտոնական այցի մեկնարկը հայտարարել է Հայաստանի
վարչապետը։

«Մենք շատ գոհ ենք Վրաստան կատարած այցի արդյունքներից։ Փաստացիորեն, բոլոր
հարցերի մասին, որոնք մենք ծրագրել էինք քննարկել վրաց գործընկերների հետ,
մենք համաձայնության եկանք», -փետրվարի 24-ին հայտնել է Հայաստանի
Հանրապետության վարչապետը։

Բաքվում այն երկրների Էներգետիկայի նախարարների միջև է հանդիպում կայացել,
որոնք մասնակցում են «Հարավային Էներգետիկ միջանցքի» շինարարությանը։
Ադրբեջանական կողմի խոստումների համաձայն՝ «Նոր գազախողովակը կսկսի գործել
2019թ․-ին իսկ 2020թ․-ին որպես սակագնի վճարում՝ Վրաստանը կստանա 1 000 000
000 կուբամետր գազ, ինչը գերազանցում է այսօր Վրաստանի կողմից օգտագործվող
գազի քանակության 40%-ը»։

Աղբյուր՝ armenian-community.ge