Կարեն Կարապետյանին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները եւ նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական եւ կառավարական մակարդակներում կառուցողական համագործակցությունը լավ հիմք է հարաբերությունների հետագա խորացման համար՝ այդ թվում նոր ուղղություններով։
Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարեւորելով հայ-վրացական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել է, որ շփումները բոլոր մակարդակներում ինտենսիվ են, բայց տնտեսական համագործակցության ոլորտում առայժմ չի օգտագործվում ողջ ներուժը։ Վարչապետը վերահաստատել է, որ առարկայական եւ արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել վրացի գործընկերների հետ եւ հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ եւ որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։ «Քննարկել ենք հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։ Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,-ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած լավ վերաբերմունքի, ինչպես նաեւ պատմամշակութային արժեքների պահպանման համար։
Ի պատասխան՝ Վրաստանի նախագահը կարեւորել է հայ համայնքի գործուն մասնակցությունը Վրաստանի տնտեսական եւ մշակութային կյանքում։
Աղբյուր՝ news.am