Վրացական իշխանամետ հեռուստաալիքի եթերում «Ղարաբաղը Ադրբեջան է» միջադեպը ադրբեջանցիների կողմից կազմակերպված հերթական սադրանքն էր. Էդուարդ Այվազյան

Վրացական իշխանամետ հեռուստաալիքի եթերում «Ղարաբաղը Ադրբեջան է» միջադեպը ադրբեջանցիների կողմից կազմակերպված հերթական սադրանքն էր. Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերով «Ղարաբաղը Ադրբեջան» է գրության հեղինակները վրացիները չեն:

«Չեմ կարծում, որ դա վրացական կողմի նախաձեռնությունն է եղել, չնայած կան լրատվամիջոցներ ու լրագրողներ, որոնք հակահայկական կեցվածք ունեն։ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ցուցադրված նկարը, որի վրա վրացերենով գրված էր եղել մածուն, իսկ տակը փոքր հայերեն տառերով «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման ադրբեջանական է»՝ դա ադրբեջանցիների կողմից կազմակերպված հերթական սադրանքն է հայերի նկատմամբ։ Վրաստանի բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ փող են ստանում Ադրբեջանից ու հատուկ հրահանգներ կատարում տվյալ երկրից։ Սա առաջին դեպքը չէ։ Նույնիսկ կայքեր կան, որոնք փորձում են լարել հայ-վրացական հարաբերությունները՝ սուտ եւ սադրիչ լրատվություն տարածելով։ Նրանք հաճախ են շեշտում, որ հայերը իբր խաչապուրին անվանում են հայկական։ Ուրիշ ուտեստների մասին էլ են հաճախ հիշում ու ասում են, որ դա իբր տեղի է ունեցել նաեւ նրանց նկատմամբ։ Իսկ հետո սկսում են զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի ու Ջավախքի հետ։ Այսինքն ամեն կերպ փորձում են վրաց հասարակության մեջ վախի մթնոլորտ ստեղծել իբր հայերը ամեն ինչ գողանալու են վրացիներից եւ այդ կերպ հակահայկականություն են քարոզում Վրաստանում»,-ասաց Այվազյանը:

Նա նշեց, որ այս անգամ սադրանքը տեղի ունեցավ իշխանամետ հեռուստաընկերության միջոցով, ինչին արձագանքեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը ու այդ տեսանյութը հանվեց տվյալ հեռուստաընկերության եթերից։

«Նրանք նույնիսկ ափսոսանք հայտնեցին եւ ասացին, թե իբր տեխնիկական սխալ է տեղի ունեցել։ Իրենց մեկնաբանության մեջ ասված էր, որ հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը գուգլով էր տվյալ նկարը գտել եւ չեր նկատել փոքր տառերով հայերեն գիրը։ Իսկ ես համոզված եմ, որ դա շատ լավ ծրագրավորված սադրանք էր հենց ադրբեջանցիների կողմից եւ իրենց փողերով կազմակերպված։ Այս պատմության մեջ դրականը միայն այն է, որ խնդրին արագ արձագանքվեց եւ Վրաստանի իշխանությունները եւս կարծես ուշադիր գտնվեցին խնդրի նկատմամբ եւ արագ լուծեցին խնդիրը, քանզի կրկնեմ դա տեղի էր ունեցել իշխանամետ հեռուստաընկերության եթերից»,-շեշտեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի քայլերի ձեռնարկաման մասին մեր հարցին, Էդուարդ Ավազյանն ասաց, որ այս անգամ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը արագ արձագանքեց.«Սակայն պետք է նշեմ, որ խնդիրը շատ ավելի խորն է եւ միայն տվյալ ռեպորտաժով չի ավարտվում։ Իմ կարծիքով Հայաստանից հատուկ ուշադրության պետք է արժանանա այս խնդիրը ու նույնիսկ հատուկ հարթակ պետք է ստեղծվի, որը կզբաղվի տվյալ խնդրով։ Կրկնեմ, սա բավական լուրջ հարց է եւ ամեն ինչ արվում է հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ, Հայաստանի ու Վրաստանի միջև սեպ խրելու ու թշնամանք ստեղծելու համար, ինչը Հայաստանը չպետք է թույլ տա ու տեղի հայության հետ միասին պետք է լուծի այդ խնդիրը»:

Հայկա Ալոյան

ArmDaily.am