Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

 

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից Հայաստան ներդրումների ներգրավման հնարավորություններին։

 

Քննարկվել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը՝ նոր ֆինանսական միջոցների և երկարաժամկետ վարկային ծրագրերի տրամադրմամբ։

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։

 

Գյուղատնտեսության ոլորտում երկուստեք կարևորվել են ագրոբիզնեսի զարգացումը, գյուղոլորտի թվայնացումն ու նորարար տեխնոլոգիաների ներդրումը։