Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

«Խաղաղության խաչմերուկը» և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախևառաջ ՀՀ շահերի սպասարկմանն են ուղղված:

Այս մասին Ազգային ժողովում բյուջե-2025-ի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։

«Սա մեզ համար է, մենք ենք ուզում գտնվել մեծ, միջազգային լոգիստիկ անցուղիների խաչմերուկում: Մենք անընդունելի ենք համարել և համարում ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժերի տեղակայումը, մասնակցությունը և այլն, բայց նաև պատրաստ ենք օր առաջ այս պայմաններով, այս սոուսով, եթե կարելի է, ձեռնամուխ լինել այդ ուղիների ապաշրջափակմանը»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծեց, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք ողջունել են «Խաղաղության խաչմերուկը»:

«Իրականում, այո՛, ես կենտրոնացա մեր շահերի վրա, բայց սա մի բան է, որը բխում է շատ երկրների շահերից, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական գործընթացների ծանրության կենտրոն հանդիսացող առանցքային երկրների շահերից և արևելք-արևմուտք ապրանքների, ուղևորների շարժի և հյուսիս-հարավ ապրանքների, ուղևորների շարժի տեսանկյունից:

Այս թիվը ողջունելու պրոցեսը, իհարկե, ավարտված չէ, մենք շարունակում ենք աշխատանքները: Կարող եմ ասել, գրեթե վստահ եմ, որ ինչ-որ մի պահի՝ մոտ ապագայում, «Խաղաղության խաչմերուկը» և ենթակառուցվածքների ապաշրջափակումն իսկապես կդառնան կարևոր և շատ օգտագործելի հանգույց նշածս աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև ապրանքների շարժի համար, և սրանով իսկ ևս մի էական աստիճանով կավելանա ՀՀ անվտանգությունը, ինքնին կդառնա խաղաղություն ապահովող գործոն, ինչի համար ծրագիրը ստացել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը»,- ասաց նա: