Կարևոր է, որ մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել. Արայիկ Հարությունյան
Մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած գործընթացում և առաջնորդվում են դրանցով: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե արդյոք մեծ խաղացողները, երրորդ կողմերը այլևս ճնշումներ չե՞ն գործադրում կողմերի վրա ստորագրելու խաղաղության պայմանագիրը:
Հարությունյանը հրաժարվեց պատասխանել պայմանագրի հնարավոր ստորագրմանը վերաբերող հարցին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ նաև այն քննադատություններին, որոնք կապված են ՀՀ վարչապետի կողմից Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հաղթանակի համար շնորհավորական ուղերձ հղելու հետ:
«Ոչ միայն Ալիևը և Օրբանն են շնորհավորել, այլ նաև շատ այլ առաջնորդներ, և եթե վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին, ուրեմն տվյալ ժամանակահատվածում նման քայլը ճիշտ ենք գնահատել»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանի ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով: