Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին
«Քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը, տակտիկան, այնպես որ ես քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք ամեն ինչից»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրավիրվե՞լ է հակակոռուպցիոն կոմիտե՝ ցուցմունք տալու:
Խաչատրյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի սկզբունքայնություն և կամք ոչ միայն այս, այլ բոլոր գործերով եթե քննությամբ ձեռք բերվեն բավարար ապացույցներ, քննիչի կողմից միջնորդություն կներկայացվի դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու մասին:
«Սա է քրեական դատավարության ընթացակարգը, այս գործը մյուս գործերից չի տարբերվում: Մեր կառույցում որևէ մեկի նկատմամբ ընտրողական մոտեցում չի ցուցաբերվում»,- վստահեցրեց նա և հավաստիացրեց, որ իրեն որևէ մեկը երբեք չի զանգել, նման միջնորդություններ չեն եղել իշխանական որևէ մարմնից, և միգուցե դա իր անձի հետ է կապված:
Հարցին, թե եթե այդքան սկզբունքային է, լսումներից 15 օր անց ինչո՞ւ չի հարուցել վարույթ այն դեպքում, երբ անձամբ է ներկա եղել լսումներին, Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է լինի առիթ քրեական վարույթ հարուցելու համար: Այսինքն՝ պետք է լինի համապատասխան հաղորդում: Այս դեպքում մենք հաղորդում չէինք ստացել, և մեր սեփական նախաձենռությամբ էլ վարույթ չենք նախաձեռնել, որովհետև չենք գտել դրա առիթը: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Նորմալ եմ համարում, որ քննիչն ինքնուրույն որոշում է կայացրել»: