Ընտրությանը մասնակցած ընդդիմությունը բոյկոտել է Վրաստանի խորհրդարանը
Վրաստանի խորհրդարան մտած ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտ են հայտարարել օրենսդիր մարմնին։
«Մենք չենք մտածում այս խորհրդարանում աշխատելու մասին»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Աննա Դոլիձեն։
Ավելի վաղ ընտրության արդյունքում խորհրդարան անցած երկու ընդդիմադիր կուսակցություն՝ «Միասնություն-Ազգային շարժումը» և «Հանուն փոփոխությունների» դաշինքը հայտարարել էին, որ հրաժարվում են պատգամավորի մանդատներից։
Չորրորդ ընդդիմադիր՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, նույնպես հայտարարել է նոր խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու մասին։
Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանի բոլոր կուսակցություններին խաղաղ և կառուցողական ճանապարհով լուծել երկրում ընտրությունից հետո առկա խնդիրները։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ Նա ասել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները նոյեմբերի 18-ին Բուդապեշտում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկեն ընտրությունից հետո Վրաստանում տիրող իրավիճակը, ԵՄ-ն ընտրության վերաբերյալ իր վերջնական վերաբերմունքը կձևավորի ԵԱՀԿ վերջնական զեկույցը ստանալուց հետո: