Հայաստանն արժանի է Եվրոպայի ուշադրությանն ու աջակցությանը․ Քսավիե Բետել

Մենք չենք ընտրում մեր հարևաններին, սակայն ընտրում ենք մեր գործընկերներին՝ հայտարարել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» համաժողովում։

Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների համագործակցության հնարավորությանը՝ պաշտոնյան ներկայացրել է Լյուքսեմբուրգի գործակցության օրինակը՝ Բելգիայի և Նիդերլանդների հետ Բենիլյուքսի շրջանակում։

«Մենք գիտակցեցինք, որ ընդհանուր նախագծեր ունենալը փաստացի խաղաղության լավագույն նախագիծն է։ Մենք սկսեցինք Բենիլյուքսով։ Մենք ունենք տարածաշրջանային խորհրդարան։ Եվ ես Երևանում երեկ ունեցած իմ զրույցներում առաջարկեցի դիտարկել Վրաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Իրանի խորհրդարանականների հետ քննարկում կազմակերծելու նախաձեռնությունը՝ միջսահմանային խնդիրները քննարկելու նպատակով»,- ասել է պաշտոնյան։

Բետելն անդրադարձել է նաև Հայաստանի եվրոպական հեռանկարին, նշել՝ Երևանն արժանի է Եվրամիության ուշադրությանն ու աջակցությանը։