G7-ի երկրները Կիևին 50 մլրդ դոլար կհատկացնեն ռուսական ակտիվների հաշվին
		13.06.2024 . Միջազգային


G7-ի 50-րդ գագաթնաժողովը կբացվի հունիսի 13-ին՝ Իտալիայի Ապուլիա քաղաքում։ Հանդիպման ընթացքում G7-ի երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Ուկրաինայի աջակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմում, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը, միգրացիոն խնդիրները, Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։

Ֆրանսիական Le Monde թերթը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչին, հայտնում է, որ մինչև հանդիպումը Յոթնյակի (G7) երկրները համաձայնել են 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվները։

«Մեծ յոթնյակի» ղեկավարները, գրում է Le Monde-ը, ծրագրել են օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված 325 միլիարդ դոլարի շահույթը որպես գրավ Կիևին վարկ տրամադրելու համար։ Ուկրաինան մոտ ժամանակներս դաշնակիցներից 50 մլրդ դոլար կստանա, իսկ վարկը կմարվի ՌԴ կենտրոնական բանկի ակտիվների՝ իրեն փոխանցված տոկոսներից, որոնք սառեցվել են արևմտյան երկրներում։ Պարբերականը պնդում է, որ ի սկզբանե այդ նախաձեռնությունը ներկայացրել էին ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին