ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում չինական էլեկտրական մեքենաների համար 12.06.2024 . Միջազգային
Բրյուսելը հայտարարել է չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներկրման նոր մաքսատուրքերի մասին, որոնց գները, ըստ ԵՄ-ի, արհեստականորեն ցածր են՝ Պեկինի պետական սուբսիդիաների շնորհիվ։
Չինական արտադրության մարտկոցներով էլեկտրական մեքենաները (BEV) շուտով կենթարկվեն ներմուծման մաքսատուրքերի, երբ դրանք մտնեն Եվրամիության միասնական շուկա: Կանաչ տեխնոլոգիաներով արտադրված նման էկոլոգիապես մաքուր ապրանքների պահանջարկը վերջին տարիներին կտրուկ աճել է:
«Միջոցները կկիրառվեն հուլիսի սկզբին, եթե Պեկինը համոզիչ լուծումներ չառաջարկի առաջացած հարցերը կարգավորելու համար»,- նշել են Միությունում: Նոր մաքսատուրքերը կգումարվեն ներմուծման արդեն գործող 10 տոկոս մաքսատուրքին։
«Բրյուսելը խորապես մտահոգված է, որ Պեկինի առատաձեռն սուբսիդիաների պատճառով եվրոպական ընկերությունները չեն կարողանա մրցակցել չինական արտադրողների հետ և դուրս կմղվեն այդ աճող շահութաբեր հատվածից, ինչպես եղավ արևային մարտկոցների դեպքում»,- գրում է «Եվրանյուզը»: