Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի մեր երկու պետությունների  կայունությանը. Փաշինյանը՝ Կոբախիձեին
		26.05.2024 . Տարածաշրջան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

Այս առումով առանցքային նշանակություն ունի այս տարի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը: Հավատացած եմ, որ մեր կառավարությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում կկարողանանք լիարժեք օգտագործել այս հիմքը՝ մեր պետությունների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Կարևորում եմ այս տարվա մարտին Երևանում մեր ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Վստահ եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը, հիմնված մեր ընդհանուր արժեքների և քաղաքակրթական ընդհանրությունների վրա, կծառայի մեր երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։

Կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ և բարեկամ Վրաստանին մաղթում խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին