1905 Թ. ՓԵՏՐՎԱՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Բագուի անակնկալ և սիրտ կտրատող դէպքերը անսահման վիշտ և ցնցում պատճառեցին և մեր քաղաքի ազգաբնակութեան: Քաղաքս են եկել Բագուից այդ դէպքերից փախած շատ տեղացի, թէ՛ հայեր և թէ՛ հրէաներ, որոնք բոլորն էլ արտասուալի կերպով պատմում են եղելութիւնը: Աւելորդ չեմ համարում յիշել, որ մեր հասարակութիւնը մեծ գոհունակութեամբ և գովեստով է խօսում այդ դէպքերի միջոցին Թիֆլիսի քաղաքագլուխ պ. Խ. Վերմիշեանի ժրաջան միջամտութեան և ծառայութեան մասին:
Ամսիս 13-ին քաղաքիս փոխանորդ Սիօն վարդապետի մօտ գնաց մեր գաւառապետը և իր ցաւակցութիւնը յայտնեց ու խնդրեց յորդորել ժողովրդին խաղաղ մնալ: Ինչպէս յայտնի է, հոգևոր իշխանութիւնից էլ կարգադրութիւն է եղել այդ մասին, որ գաւառական քաղաքների ժողովրդեան վրդովմունքը աշխատեն հանդարտեցնել՝ նման դէպքերից խուսափելու համար: Կիրակի, ամսիս 13-ին, երեկոյեան, տեառընդառաջի նախատօնաքին, քաղաքիս ս. Փրկիչ աւագ եկեղեցում խուռն երկսեռ բազմութեան ներկայութեամբ, Բագուի հայ զոհվածների համար հոգեհանգստեան մաղթանք կատարվեց: Ամբողջ քաղաքի խանութները փակված էին և ամենքն էլ եկել էին եկեղեցի իրանց անմեղ զոհված եղբայրների յիշատակը յարգելու համար: Նախ քան հոգեհանգստեան կարգը կատարելը, հայր յաջորդը մի գեղեցիկ խրատ խօսեց և մխիթարեց ժողովրդին:
Քարոզից յետոյ կատարվեց հոգեհանգիստ, որից յետոյ ժողովուրդը քիչ հանգստացած և սփոփված դուրս եկաւ եկեղեցուց: Ինչպէս լսեցինք, մեր քաղաքի ազգաբնակութեան մէջից էլ պէտք է նուէրներ ուղարկվեն յօգուտ զոհվածների և վիրաւորների ընտանիքների:
<Մշակ>, 1905թ., № 30, 23 փետրվարի:
Արմեն Ասատրյան
պատմաբան