Հարավային Կորեայի նախագահի զոքանչին ձերբակալել են ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով

Հարավային Կորեայի նախագահի զոքանչին ձերբակալել են ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով



Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի զոքանչին՝ Չվե Յուն Սունին, ձերբակալել են ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով։ Դատարանը մերժել է փաստաթղթի կեղծման վերաբերյալ դատավճռի բողոքարկումը։
2021 թվականին նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ 2013 թվականին Սոննամում հողամաս գնելիս բանկային քաղվածքը կեղծելու մեղադրանքով։ Ըստ դատարանի տվյալների՝ 76-ամյա կինը կեղծել է իր հաշվին 34,7 միլիարդ վոն (27 միլիոն դոլար) մուտքագրելու մասին տեղեկանքը։ Հարավային Կորեայի նախագահի զոքանչը հերքել է իր մեղքը և բողոքարկել։

2022 թվականին էլ Հարավային Կորեայի գերագույն դատարանը Չվե Յուն Սունին արդարացրել էր ապօրինի նպաստ ստանալու գործով։ Նա ղեկավարում էր ծերանոց, որն աշխատում էր առանց լիցենզիայի: Դատարանը 2021 թվականին նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման, սակայն հետո դատավճիռը չեղարկվել էր։