ԱՄՆ-ի Հայկական Կազմակերպությունների Հայտարարությունը Վրաստանի Իրադարձությունների Շուրջ

ԱՄՆ-ի Հայկական Կազմակերպությունների Հայտարարությունը Վրաստանի Իրադարձությունների Շուրջ

Հայ ազգի արժանավոր զավակ Միքայել Ավագյանի՝ Ախալքալակի Բուղաշեն գյուղում տեղադրված հուշարձանը առիթ է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետությունը իր մարդատյաց, արատավոր և սադրիչ քաղաքականության մեջ ներքաշի այժմ էլ հարևան Վրաստանում ապրող իր հայրենակիցներին՝ հրահրելով ազգամիջյան անկայունություն:

Վրաստանի խորհրդարանի առջև կայացած հանրահավաքում նրանք պահանջ են դրել ապամոնտաժել արցախյան ազատամարտի մասնակից մեր հայրենակցի հուշարձանը՝ ներկայացնելով նրան որպես Վրաստանի թշնամի: Ցավոք, այդ այլանդակությանը աջակցում են Վրաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Վրաստանի իշխանությունները մինչ այս պահը ցուցաբերում են հավասարակշռված մոտեցում այս հարցի շուրջ, ինչը մենք ողջունում ենք և կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին այսուհետ ևս չտրվել ադրբեջանական սադրանքներին:

Մենք խորապես շահագրգռված ենք Վրաստանի կայունության և հայ-վրացական դարավոր կապերի զարգացման շուրջ: Հայկական Սփյուռքի տարբեր կազմակերպություններ արդեն հայտարարություններ են տարածել այս հարցի կապակցությամբ: Մենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող մի շարք կազմակերպություններ, նույնպես հայտարարում ենք, որ աներկբա կանգնած ենք Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կողքին, դատապարտում ենք ադրբեջանական հերթական սադրանքը և ամեն ինչ կանենք այս և այլ սադրանքների չեզոքացման համար:

 

ԱՄՆ Հայդուկ Միություն

ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ

ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միություն

Ի Պաշտպանություն Հայաստանի 

Սասնա Ծռեր Լոս Անջելեսի Մասնաճյուղ 

ԱՄՆ Արմավիրի Հայրենակցական Միություն

Հայկական Վերածնունդ Նյու Յորկի Մասնաճյուղ

Հայկական Վերածնունդ Բոստոնի Մասնաճյուղ

Սփյուռքի Միասնության Հարթակ