Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում քամուց վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր. Արցախի ԱԻՊԾ

Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում քամուց վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր. Արցախի ԱԻՊԾ


Հունիսի 30-ին կարկուտ է տեղացել Ասկերանի և Մարտունու շրջաններում: Քամու ուժգնացման հետևանքով մայրաքաղաքում ցանկապատ է շրջվել, իսկ Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր: Այդ մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

 

Հունիսի 30-ին՝ ժամը 19:50-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում, «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղացած կարկուտի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել: Ասկերանի շրջանի Լուսաձոր, Դահրավ, Աստղաշեն, Պատարա և Այգեստան համայնքներում տեղացած կարկուտի տրամաչափը կազմել է մոտ 0,5-1սմ:

 

Կարկուտ է տեղացել նաև Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նորշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում: Վնասի չափը ճշտվում է:

 

 

Ժամը 18:10-ին գրանցված ահազանգի համաձայն, մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում քամին շրջել է մոտ 50 մ երկարությամբ և 2 մ բարձրությամբ ցանկապատը:

 

Ուժեղ քամին վնասներ է հասցրել նաև Բերքաձոր և Այգեստան համայնքներին: Գրանցված ահազանգերի համաձայն, վնասվել է ընդհանուր առմամբ 8 տան տանիքներ: Բերքաձորում, քամու ուժգնացման հետևանքով պոկվել են նաև էլեկտրալարեր, կոտրվել են ծառեր, ինչի հետևանքով փակվել էր ճանապարհը:

 

ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, բնական աղետի հետևանքները մեղմացնելու նպատակով, իրականացրել է անհետաձգելի վթարափրկարարական աշխատանքներ: