Հակահարձակումը դանդաղ է առաջ գնում, բայց սա հոլիվուդյան ֆիլմ չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է. Զելենսկի

Հակահարձակումը դանդաղ է առաջ գնում, բայց սա հոլիվուդյան ֆիլմ չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է. Զելենսկի



Ուկրաինայի գլխավոր շտաբից հայտնել են, որ հակահարձակումը շարունակվում է, երկրի զինված ուժերն առաջ են շարժվում և այժմ ամրապնդում դիրքերը Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղությամբ, միաժամանակ զսպում են ռուսական զորքերի հարձակումներն արևելքում։ Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում:
Ցամաքած Կախովկայի ջրամբարն էլ կարող է  նոր հարթակ դառնալ ուկրաինական հարձակման համար: BILD-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ռազմական մեկնաբան Յուլիան Ռոպկեն: Նա նշել է, որ ՀԷԿ-ը պայթեցնելու պատճառով ուկրաինական ճակատն ընդլայնվել է 200 կիլոմետրով:
«Կախովկայի ջրամբարի ցամաքելը հանգեցրել է Ուկրաինայի հարավում ռազմավարական իրավիճակի կտրուկ փոփոխության: Ուկրաինական և ռուսական կողմերի համար ստեղծվել են նոր հնարավորություններ, բայց նաև նոր վտանգներ»,- ասել է ռազմական մեկնաբանը:

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ խոստովանել է, որ հակահարձակումն ավելի դանդաղ է առաջ գնում, քան Կիևը կցանկանար: «Սակայն սա հոլիվուդյան ֆիլմ չէ: Մարդկային կյանքերն են վտանգված»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին նաև հավելել է՝ Ուկրաինան դեմ է հակամարտության սառեցմանը և բանակցությունների սեղանի շուրջ չի նստի, մինչև ռուսական ուժերը դուրս չբերվեն երկրի տարածքից: