Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա. Լավրով
		19.05.2023 . Միջազգային


Մոսկվայում կայացել է Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը, որի բացման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի իրավիճակի կայունացմանն առնչվող որոշումներն իրականացվեն: Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը կառուցողական կլինի, իսկ ձեր ուղղակի երկխոսությունը հնարավորություն կտա հասնել լրացուցիչ արդյունքների»,- ասել է Լավրովը:

Եռակողմ հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բացի նա առաջարկել է քննարկել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ իրավիճակի կայունացումը Լեռնային Ղարաբաղում և սահմանին, հումանիտար խնդիրների լուծումը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ 

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է փորձագետների, հասարակական կազմակերպությունների, խորհրդարանականների միջև շփումների զարգացումը։ «Այս փորձն արդեն եղել է, և դա նաև կարևոր քայլ կլինի վստահության ձևավորման համար»,- ասել է նա։