Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել երկրում ակցիաների պատճառ դարձած բարեփոխումների գործընթացը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել երկրում դատական բարեփոխումների գործընթացը: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Նախագահը դիմել է Կնեսետի բոլոր խմբակցությունների առաջնորդներին` թե կոալիցիոն, թե ընդդիմադիր` հորդորելով երկրի քաղաքացիների շահերն ամենից վեր դասել:
«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնականության` ես կոչ եմ անում դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- գրել է նա:
Մարտի 26-ին Իսրայելի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել` իրենց դժգոհությունն արտահայտելով դատական բարեփոխումներից: Ցուցարարները հավաքվել են կառավարական շենքերի մոտ, խաթարել տրանսպորտի երթևեկությունը:
Երուսաղեմում քաղաքացիները կարողացել են ճեղքել ոստիկանական արգելապատնեշները և հասնել վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:
Նույն օրը հայտնի է դարձել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին. վերջինս պաշտոնանկ է արվել դատական բարեփոխումները քննադատելու պատճառով:
Համաձայն բարեփոխման` խորհրդարանի մեծամասնությանն է վերապահվում Գերագույն դատարանի դատավորներին ընտրելու իրավունքը: Իսկ դատարանն, իր հերթին, կորցնում է Կառավարության որոշումները բեկանելու իրավունքը: