Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինիրաձեն ասել է, որ այս օրինագծերը կքննարկվեն հինգշաբթի օրը՝ մարտի 9-ին, սակայն ինքն է առաջարկել խորհրդարանին այսօր քննարկել օրինագծերը։
«Վրացական երազանք»-ի անդամները օրինագծի քննարկման մասին հայտարարեցին լիագումար նիստում այն բանից հետո, երբ խորհրդարանի մոտ բողոքի ցույցը սկսեց ցրվել։ Սակայն հարյուրավոր քաղաքացիներ կրկին հավաքվել են խորհրդարանի մոտ։
Այս պահին խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ։ Պետական անվտանգության հատուկ ծառայության բակում մոբիլիզացվել են ՆԳՆ հատուկ նշանակության վարչության ուժերը։
«Ժողովրդի իշխանություն» շարժման անդամները, որոնք պաշտոնապես հայտարարեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից դուրս գալու մասին, խորհրդարան են ներկայացրել երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: «Ժողովրդի իշխանության» անդամներն առաջին օրինագիծն անվանում են «վրացական», երկրորդը՝ «ամերիկյան»։ Սակայն վերջինս չի պարունակում ամերիկյան օրենքի 613-րդ կետը, որում, ըստ «F» կետի, երկրի նախագահը կազմում է ԱՄՆ-ի գործընկեր երկրների ցուցակը։ Այդ երկրներն ու նրանց ներկայացուցիչները չպետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ»։
Արեւմտյան առաջատար երկրների դեսպանատներն ու միջազգային կառույցները դրանց ընդունումը հայտարարել են ծայրահեղ անցանկալի։ Նրանց կարծիքով, դա կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա։
Նմանատիպ գնահատական են տվել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին տնօրեն Ֆիոնա Հիլն ասել են. «Վրաստանը Պուտինի համար հարմարավետ վայր է դարձել… Դա այլևս չի կարող լինել ժողովրդավարության այն ճառագայթը, որը մենք գովազդում էինք 2008 թվականին»:
Օրինագծին դեմ են արտահայտվել վրացական հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, աշխատավորների արհմիությունները, ֆերմերների ասոցիացիան և ուսանողական կազմակերպությունները: Այս օրինագիծը չընդունելու կոչ են արել նաև ՄԱԿ-ի Վրաստանի գրասենյակը և USAID-ի ղեկավարը։
Չնայած Արեւմուտքի եւ տեղի հասարակության նման սուր արձագանքին, «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «երկու օրինագծերից մեկն անպայման կընդունվի»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դնելու «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա։ Սակայն ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը հաղթահարել էր նախագահի վետոն ԵՄ կողմից քննադատվող գաղտնալսման մասին օրենքի վրա։