Միջազգային հանրության հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը. օտարերկրյա դիվանագետներին են ներկայացվել դիվերսիոն հարձակման մանրամասները

Միջազգային հանրության հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը. օտարերկրյա դիվանագետներին են ներկայացվել դիվերսիոն հարձակման մանրամասները



ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: 

Նախարարի տեղակալն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:
Վահե Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում է, եղել է նախապես ծրագրված Ադրբեջանի կողմից:
Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ: 
Օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց: 

Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:
ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ապօրինի գործողությունների դադարեցումը և Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը: 
Նշվել է, որ միայն միջազգային հանրության հասցեական գնահատականները, հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին: