Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
		02.03.2023 . Արցախ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Գերմանիայում է:

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո վարչապետը և կանցլերը ամփոփել են հանդիպման արդյունքները՝ հանդես գալով մամուլի ասուլիսով:

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Կանցլերը նշել է, որ անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Շոլցը շեշտել է, որ ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Ընդ որում՝ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- հավելել է Շոլցը: