Հայաստանը մասնակցում է ԱՀԿ-ի կողմից համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման փաստաթղթի մշակմանը

Հայաստանը մասնակցում է ԱՀԿ-ի կողմից համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման փաստաթղթի մշակմանը


Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Ժնևում մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը:

 

COVID-19-ի դիմակայման փորձը հաշվի առնելով՝ այս մարմինը մշակում է համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքմանն ուղղված փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր անդամ պետությունների համար:

 

Ներկայումս քննարկվում է զրոյական նախագիծ, որը հայկական կողմը համարում է ընդունելի, սակայն առաջարկում մի շարք փոփոխություններ:

 

Լենա Նանուշյանն իր ելույթում հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2020 թվականի կոչը` համավարակների ժամանակ համաշխարհային հրադադարի վերաբերյալ, և առաջարկել համաձայնագրով սահմանել համավարակների ժամանակ հրադադար հաստատելու դրույթ ներառել:

Նա առաջարկել է փաստաթուղթը կառուցել «կանխարգելում-պատրաստություն-արձագանք-վերականգնում» տրամաբանությամբ, նաև կոչ է արել շեշտադրել համավարակների կանխարգելմանը վերաբերող դրույթները՝ որպես համավարակների դեմ պայքարի կարևորագույն միջոցառում: Այս շրջանակում նա ընդգծել է ԱԱՊ օղակի վերաբերյալ դրույթների ներառումը և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը:

 

ԱՀԿ անդամ պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները քննարկել են հետագա համավարակները արդյունավետ կերպով կանխելու և դրանց լավագույնս դիմակայելու հարցում հնարավոր լուծումները:

 

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետագա բանակցային գործընթացին` փաստաթուղթն առավել համապարփակ դարձնելու նպատակով: