Ախալցխայում տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն
Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Ախալցխայի Կլդեաշվիլի փողոցի վրա տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն։ Հակահետախուզական ծառայության նախկին ղեկավար Գոչա Գելաշվիլին հարբած դուրս է եկել իր տան փողոց եւ ազգային խտրականության հենքի վրա բազմաթիվ հայհոյանքներ հնչեցրել ժողովրդի հասցեին։
Բնակիչների խոսքերով տվյալ անձը այդ պահին զինված է եղել որսորդական հրացանով։
Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանի խոսքերով (ով եւս բնակվում է տվյալ փողոցի վրա), նրանք փաստի առիթով տեղյակ են պահել Ախալցխայի ոստիկանության բաժնի ղեկավար Լեւան Տոռուաին։
Տվյալ խուլիգանական արարքը մեծ զայրույթ է առաջացրել Ախալցխայի հայ ազգաբնակչության մոտ եւ մարդիկ պահանջում են հարցը լուծել օրենքի սահմաններում։
Վրդովված ժողովրդի հետ հանդիպելու համար Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ այցելեց քաղաքի ոստիկանապետ Լեւան Տոռուան։ Տոռուան ժողովրդին տեղեկացրեց, որ իրենք տեղեկացված են դեպքի մասին եւ ոստիկանությունում այդ խուլիգանական արարքի հիման վրա կազմվել է արձանագրություն։ Նա նաեւ ասաց, որ այս պահի դրությամբ տվյալ փողոցի բնակիչներից ոստիկանությունը չի ստացել ոչ մի գրավոր դիմում-բողոք։
Ախալցխայի սակրեբուլոի պատգամավոր Համբարձում Բաբոյանի խոսքերով Գոչա Գելաշվիլին հակահետախուզական ծառայության շրջանային բաժնի ղեկավար է եղել Միխեիլ Սահակաշվիլու օրոք եւ նա «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության կողմնակից է։ Նրա կարծիքով տեղի ունեցածը սադրանք է, որը նպատակ ունի ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ախալցխայում։ Համբարձում Բաբոյանը նաեւ ասաց, որ կողմնակից է, որ ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն անող անձը պատժվի օրենքի սահմանում։
Ժողովրդի շրջանում քննարկվում էր այն միտքը, որ տվյալ խուլիգանական արարք կատարողը պետք է նաեւ փողոցում ներողություն խնդիր հասարակության առջեւ։
Դեպքի առիթով իրենց մտահոգությունները հայտնեցին Ախալցխայի հոգեւորականները, որոնք այդ ողջ ընթացքում եկեղեցու հարակից տարածքում հավաքված ժողովրդի կողքին էին։
Akhaltskha.Net