Սիրիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մյուս երկրներին՝ երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու համար

Սիրիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մյուս երկրներին՝ երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու համար



Սիրիան երախտագիտություն է հայտնում մի շարք երկրների, որոնք երկրաշարժից հետո օգնություն են ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Այս մասին չորեքշաբթի Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության նախարար Հուսեյն Մախլուֆը, ներկայացնում է Al Ekhbariya հեռուստաալիքը։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ​​երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի ժողովրդին աջակցելու գործում, այդ թվում՝ Իրաքին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Իրանին, Ռուսաստանին, Ալժիրին, Եգիպտոսին, Պակիստանին, Հայաստանին, Օմանին, Կուբային, Վենեսուելային և Բելառուսին»,- ասել է նախարարը։
Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշն էլ կոչ է արել աշխարհի երկրներին սարքավորումներ և օգնություն տրամադրել Դամասկոսին փետրվարի 6-ի երկրաշարժից հետո։
Ինչպես նշել է ալ-Գաբաշը, շատ ընկերություններ չեն կարողանում Սիրիային բժշկական սարքավորումներ տրամադրել պատժամիջոցների պատճառով։
«Շրջափակումը թույլ չի տալիս բազմաթիվ ընկերությունների մատակարարել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, և մենք կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ ցուցաբերելու անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- ընդգծել է նա։

Երեքշաբթի Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադն անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ «պատժամիջոցները միայն խորացնում են աղետը»։