Կոչ եմ արել գործընկերներիս՝ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը. Կոնջորյան

Կոչ եմ արել գործընկերներիս՝ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը. Կոնջորյան


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փալոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:

«Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին,

որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս՝ Հարիս Գյորգեադեսին:

Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ:

 

Կոչ եմ արել գործընկերներիս՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը և կատարելու իր ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասված է Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում։