Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրության փոփոխության նախագիծը

30 կողմ ձայնով Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց սահմանադրության փոփոխության նախագիծը: Գործադիրն առաջարկել է վերանայել սահմանադրական փոփոխություններին առնչվող իրավակարգավորումները՝ դրանք ընդունելու լիազորություն տալով նաև խորհրդարանին՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով:
Արայիկ Լազարյան (Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ) — Փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ:
Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ավելացրեց՝ գործող սահմանադրությամբ ևս խորհրդարանն իրավունք ունի փոփոխել սահմանադրության որոշ հոդվածներ, բայց այս փոփոխությամբ ժողովուրդը կարող է լիազորել փոփոխել Մայր օրենքի բոլոր հոդվածները՝ բացառությամբ անփոփոխների` առաջինից չորրորդ, 163-րդ և 175-րդ:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) — Մենք գնալու ենք հանրաքվեի, և, ժողովուրդ, քեզ է վերապահված` այդ իրավունքները տալ Ազգային ժողովին, թե ոչ:
Գործող սահմանադրությամբ Արցախում սահմանադրական փոփոխություն կարող են նախաձեռնել պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը, հանրապետության նախագահը և ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսը:
Արայիկ Լազարյան — Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սահմանադրությունը և սահմանադրության 175-րդ հոդվածում (դա «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» հոդվածն է) փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:
Սահմանադրության փոփոխության գործընթացն Արցախում սկսվել է տարեսկզբին, երբ քաղաքական խորհրդատվություններից հետո հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:
Արայիկ Լազարյան — Հաշվի առնելով առկա մարտահրավերները, աշխարհաքաղաքական իրողությունները՝ առաջարկվեց սահմանադրական փոփոխությունների առավել ճկուն գործիքակազմ ներկայացնել` այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը և հնարավորություն տալով առաջացող մարտահրավերները հաղթահարել առանց ցնցումների:
Արցախի Հանրապետության սահմանադրության առաջարկվող նախագիծը ներկայացված է արդեն հանրային քննարկման: