Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնը մտադիր է Սյունիքի հզորացմանն ուղղված համագործակցության շրջանակ ստեղծել

Հոկտեմբերի 20-ին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդես եկան համատեղ մամուլի հայտարարությամբ՝ սեպտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեին և ռեգիոնի ողջ խորհրդին մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար և այս համատեքստում բարձր գնահատեց նախագահ Վոքիեի՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում Սյունիքի մարզի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։
Միջոցառման արդյունքներով ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին» հայտարարություն։
Նույն օրը Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի շրջանային խորհուրդը լիագումար նիստի ընթացքում ընդունեց «Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնը Հայաստանի կողքին է» խորագրով գործողությունների ծրագիր, որով խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և իր անվերապահ աջակցությունն ու ողջ համերաշխությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին։
Նշված ծրագրով նախատեսվում է նաև Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կողմից տարբեր միջոցառումների շրջանակներում ընդհանուր 300 հազար եվրո գումարի հատկացում՝ հակամարտության հետևանքների հաղթահարման հարցում Հայաստանի բնակչությանն աջակցելու նպատակով։
Ծրագրի իրագործման կարևոր բաղադրիչ է նաև ՀՀ Սյունիքի մարզի և Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև գործընկերության հաստատումը։