Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում
Թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում քաղաքագետ, Կրեմլի գաղափարաբաններից Ալեքսանդր Դուգինը նշել է, որ Թուրքայի և ՆԱՏՕ-ի դաշնակցությունը մոտենում է ավարտին: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձել է դաշնակցել թե մուսուլմանների, թե Արևմուտքի հետ, սակայն դրա արդյունքը ռազմական հեղաշրջման փորձն էր:
Դուգինը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փորձում Թուրքիային իր կողմը քաշել, այլ Արեւմուտքն է Թուրքիային մղում Ռուսաստանի կողմ:
Նրա խոսքով, Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնողն ԱՄՆ-ն է: Պատճառն այն է, որ Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից ռուսական Սու-24-ի խոցման միջադեպի համար և կարգավորել է հարաբերությունները Մոսկվայի հետ: «Որքան Էրդողանը ձգտում է անկախ դառնալ, այնքան ավելի է թիրախ դառնում Արեւմուտքի համար: Եթե Թուրքիան ցանկանում է ամբողջական մնալ, չպետք է արևմտյան ճամբարում մնա», — ասել է նա:Դուգինը պատմել է, որ ինքը միջնորդ է եղել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
Նրա խոսքով, թուրքական կողմը ներկայացրել է, որ ինքնաթիռը խփելու հրամանը ոչ թե Էրդողան է տվել, այլ կառավարության արևմտամետ անդամները:«Ես օգնել եմ Պուտինին Էրդողանի հետ գործում, որովհետև արդեն պատերազմի շեմին էինք: Մեր նախագահը, սակայն, հեշտ չի փոխում կարծիքը, Պուտինը ռացիոնալ է եւ ռեալիստ: Եթե որոշ հարցերում կան ապացույցներ, նա միանգամից գնահատում է դա», նշում է Դուգինը:Դուգինի խոսքով, ԱՄՆ ԿՀՎ-ն հեղաշրջման օրը փորձել է կտրել կապի ալիքները Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Ամերիկացիները փորձել են համոզել Պուտինին կոշտ դիրքորոշում բռնել Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ այլ առաջնորդներն Էրդողանից լավն են լինելու, Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, որը Ռուսաստանը կարող է իր նպատակներով օգտագործել: ԿՀՎ-ն կարողացել է ազդեցիկ մարդկանց հավաքել Պուտինի շուրջ, սակայն Պուտինը չի գնացել դրան, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում: Դուգինի խոսքով, ռազմական հեղաշրջումից հետո քրդերը պետք է ապստամբություն բարձրացնեին:
Lragir.am