Արարատ Ղուկասյան․Կատալոնիային այս արկածախնդրությանը դրդեցին բազում կաշառակերության փաստերը

Արարատ Ղուկասյան․Կատալոնիային այս արկածախնդրությանը դրդեցին բազում կաշառակերության փաստերը

Akhaltskha.Net-ը Կատալոնիայի անկախության հռչակման թեմայի շուրջ զրուցեց Իսպանիայի «Արարատ» միության նախագահ, «Վալենսիայի Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ։

Պրն․Ղուկասյան, այսօր Կատալոնիայի ինքնավար հանրապետության խորհրդարանը անկախության հանրաքվեից հետո գրեթե մեկ ամիս անց հռչակեց անկախություն: Ձեր կարծիքով ի՞նչ  սպասելիքով էր պայմանավորված Կատալոնիայի կողմից այդ հարցի երկարաձգումը եւ ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ Իսպանիայի պետականության  համար։

— Նախ ասեմ, որ Կատալոնիան ինքնավար հանրապետություն չէ, այլ ինքնավար մարզ է ,և հետո Կատալոնիայում հանրաքվե, որպես այդպիսին, չէ անցկացվել, որովհետև այն, նախ անօրինական էր, քանի որ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը և հատկապես, երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը, թույլ չէ տվել և չի էլ կարող թույլ տալ նման հանրաքվե և հետո այն տեղի է ունեցել մարդու իրավունքների լուրջ խախտումներով, հեռու ժողովրդավարական հանրաքվեի գրեթե բոլոր նորմերից: Օրինական հանրաքվե անցկացնելու համար, նախ պետք է մի շարք փոփոխություններ մտցնել Իսպանիայի Սահմանադրության մեջ, մի բան, որի մասին խուսափել են բանակցել և՛ Մարիանո Ռախոյի և Կառլես Պուիչդեմոնի կառավարությունը: Ըստ երևույթին, Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցությունն այս պայմաններում իրեն շատ լավ է զգում, քանի որ, Կոնգրեսում մեծամասնություն կազմելու դեպքում կարողանում է ընդունել օրենքներ, որոնք հեռու են սոցիալական հավասարություններ հաստատելուց և ավելի են մեծացնում հարուստ և միջին-ցածր խավի ճեղքվածքը: Մյուս կողմից էլ Կատալոնիայի իշխանություններն առանց պատրաստ լինելու անկախությանը, որպես այդպիսին (արդեն 1700-ից ավելի խոշոր և միջին ձեռնարկություններ լքել են մարզը, քանի որ բոլորն էլ ընդգրկված են Եվրոմիության նախագծի մեջ, իսկ Եվրոմիության և ո՛չ մի երկիր չի ճանաչում, և չի ճանաչի անկախ Կատալոնիան), գնացել են մի քաղաքական և ավելի շատ սիմվոլիկ մի արկածախնդրության, որը իրավական և քաղաքական ո՛չ մի հիմք չունի և որի ծանր հետևանքները դեռ առջևում են: Կատալոնիայի խորհրդարանի այսօրվա անօրինական քայլից րոպեներ անց Իսպանիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ (264 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ) հավանություն տվեց Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, որը նշանակում է Կատալոնիայում ուղիղ իշխանություն Մադրիդից: Հենց այս պահին Մարիանո Ռախոյը հայտարարեց, որ չեղյալ է համարում Կառլես Պուիչդեմոնի կառավարությունը, որի մեջ են նաև նույն կառավարության փոխնախագահը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահը և բոլոր խորհրդականները:

Հիշեցնենք, որ անկախության միակողմանի ընդունման քվեարկությանը մասնակցել է ընդամենը 82 պատգամավոր, որոնցից 70-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ և 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այս գաղտնի անցկացված քվեարկությանը չեն մասնակցել Ժողովրդական, Սոցիալիստական և Քաղաքացիական կուսակցությունները, որոնք հենց քվեարկության ժամանակ լքել են խորհրդարանը:

Նշենք, որ Իսպանիայի 40-ամյա ժողովրդավարության պատմության ընթացքում առաջին անգամ է, որ գործի է դրվում Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախանշում է Կատալոնիայում իշխանության, մամուլի և մի քանի այլ կառույցների ուղիղ միջամտում կենտրոնական իշխանության կողմից:

Պրն Ղուկասյան ձեր կարծիքով, Կատալոնիայի կողմից անկախության հռչակումից հետո ի՞նչպես կարող են զարգանալ դեպքերը,  եւ ի՞նչ հետեւանքների կարող են հանգեցնել դրանք։

— Մարիանո Ռախոյի կառավարության կողմից ընդունած 155-րդ հոդվածի համաձայն արդեն իսկ աշխատանքից հեռացվել են մի շարք հանրային աշխատակիցներ, այդ թվում նաև Կատալոնիայի ոստիկանապետ մայոր Տրապերոն, ով, հոկտեմբերի 1-ի անօրինական հանրաքվեի ժամանակ աչքի ընկավ իր պասիվությամբ: Այժմ արդեն աշխատանքից հեռացվել են Կառլես Պուիչդեմոնը, Օրիոլ Ջունկերասը, խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը և բոլոր խորհրդականները:

Կատալոնիայի իշխանությունը, համաձայն Իսպանիայի Սահմանադրության, ներկայումս փաստացիորեն գտնվում է Մադրիդի կենտրոնական իշխանության ձեռքում, որն արդեն իսկ հայտարարել է մարզային ընտրությունների մասին, ինչը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 21-ին: Իսկ ահա մոտակա օրերին սպասվում են մի շարք գործողություններ վերջինիս կողմից, որոնք պայմանավորված կլինեն դատական գործընթացներով:

Հիշեցնենք, որ կենտրոնական իշխանությունն այս արկածախնդրությունը համարում է ապստամբություն, որի համար մեղադրյալներին սպասվում է առնվազն 15 -30 տարի ազատազրկում:

Օգտվելով առիթից, կցանկանամ կոչ-հորդորս հղել իսպանահայությանը և հատկապես, Կատալոնիայում բնակվող մեր մոտ 4.000 հայ ազգաբնակչությանը, որ զերծ մնան անհիմն հայտարարություններից և անիմաստ մասնակցությունից մի գործընթացի մեջ, որը մեր պայքարը չէ: Սա ասելով, ամենևին էլ չեմ ցանկանում սատարել Իսպանիայի կառավարությանը, որը ներկայումս բավականին հարմար է զգում իրեն, քանի որ ժողովրդին կարողացել է շեղել երկրի իրական խնդիրներից և կոծկել ինչ-որ չափով կաշառակերության բազմաթիվ փաստեր, որոնց հեղինակները հենց իրենք են: Հիշեցնեմ նաև, որ Կատալոնիային այս արկածախնդրությանը դրդեց հենց այդ բազում կաշառակերության փաստերը, որոնք սև ամպի պես կախված են Մարիանո Ռախոյի և Ժողովրդական կուսակցության գլխին: Նաև պետք է նշեմ, որ Իսպանիայի կառավարությունը թուրքամետ և ադրբեջանամետ է՝ պայմանավորված նավթադոլարներով: Մի հանգամանք, որը մեզ թույլ չի տալիս մեզ հասնել մեր բաղձալի նպատակին՝ Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Այս ամենով հանդերձ, նաև հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զգույշ գործել և զերծ մնալ անհիմն հայտարարություններից, որոնք կարող են ավելի դժվարացնել մեր պայքարը: