Ջիվանիական տոնը Կարծախում

Ջիվանիական տոնը Կարծախում

Այսօր՝ հուլիսի 23֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանիական տոնը։ Ավանդույթի համաձայն աշուղի հայրենի բնօրրան էին այցելել մտավորականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ եւ այլ հյուրեր։

Տոնը մեկնարկեց Կարծախ գյուղի կնետրոնում գտնվող աշուղի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելով, այնուհետեւ ներկաներն այցելեցին  Ջիվանու տուն֊թանգարան, որտեղ թանգարանի կամավորները դիմավորում էին այցելուներին եւ ներկայացնում թանգարանի յուրաքանչյուր սրահը։
Թանգարանը հիմնվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ բարերարների ֆինանասական աջակցությամբ։

ՋԱՀ֊ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ասում է, որ թանգարանը ակտիվություն է մտցրել ոչ միայն Ջավախքի մշակութային կյանքում, այլ նաև զբոսաշրջիկների մեծ հոսք է ապահովում եւ հպարտությամբ նշում է, որ իրենց հիմնադրամը որդեգրել է մնայուն արժեքներ ստեղծելու սկզբունքը, այդպիսին է Ջիվանու տուն֊թանգարնը Կարծախում։

Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք Հայաստանից եւ Վրաստանից, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը եւ Սումբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի քաղաքապետերը, շրջանային ժողովի նախագահները եւ այլ հյուրեր։
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարևորում է թանգարանային միջավայրում Ջիվանիական շունչը եւ նշում է, որ համավարակային սահմանափակումներից հետո ուրախալի է դարձյալ այցելել մեծանուն աշուղի հայրենի գյուղ եւ հանդիպել հին ու բարի ընկերների։ Մեր հարցին, թե Ջիվանի անունը լսելուց ի՞նչ տողեր է մտաբերում, նշեց, որ այդ պահին մտաբերեց «Բարի, գեղեցիկ, առաքինի է ընկերը մարդու», սակայն կախված է տրամադրությունից, երբեմն    «Ձախորդ օրերն» են, երբեմն էլ «Խելքի աշեցեք»֊ը։
Այնուհետեւ Կարծախի Կիլերթա թաղամասի բարձրադիր վայրում, որտեղ բեմահարթակն է, մեկնարկեց օրվա գեղարվեստական մասը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նա շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ կարևորեց Ջիվանիական օրվա խորհուրդը. նշելով, որ այս օրը եւս մեկ անգամ պետք է արժեւորի Ջիվանիական պոետիկ խոսքն ու փիլիսոփայական միտքը։

Գեղեցիկ պարով ներկաներին նախ ողջունեցին Կարծախ գյուղի «Ջիվանի» պարի համույթի սաները, այնուհետեւ երաժշտական կատարումներով հանդես եկան Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները եւ «Ջավախք» երգի պարի համույթը՝ Աշուղ Ալիք Ջավախքի գլխավորությամբ։

Ավելի ուշ գեղարվեստական մասը համալրեցին Հայաստանից ժամանած «Սայաթ֊Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթը՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ։

Նշենք որ, համավարակային սահմանափակումների պատճառով նախորդ երկու տարիներին Ջիվանիական տոնը չէր նշվել։