Fitch-ը իջեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը B+-ից B՝ բացասական կանխատեսմամբ

Fitch-ը իջեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը B+-ից B՝ բացասական կանխատեսմամբ


Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը «B+»-ից «B»՝ բացասական կանխատեսմամբ: Վարկանիշի իջեցման վրա ազդած հիմնական գործոններից մեկը, գործակալության վերլուծաբանների խոսքով, գնաճն է: Ըստ նրանց կանխատեսումների՝ այս տարի Թուրքիայում գնաճը կլինի 71,4%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բոլոր այն երկրների շրջանում, որոնց Fitch-ը վարկանիշ է շնորհում։
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) — Բարձր գնաճային ֆոնի պայմաններում Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը և քաղաքական ղեկավարության ճնշմամբ` նաև Կենտրոնական բանկը որոշեցին չբարձրացնել տոկոսադրույքը և թողեցին անփոփոխ, հիմա 21 թվականից այն 14 տոկոսի տիրույթում է, չբարձրացրեցին տոկոսադրույքը` տնտեսական ակտիվությունը չզսպելու համար, և այս իրողությանը գումարվեց նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ընդհանուր գնաճային բարձր ֆոնը:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան հիմա մեկ լարի վրա է խաղում, և այդ ոճը հատուկ է Էրդողանին:

Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) — Կան հաշվարկներ Թուրքիայում, որոնք հիմնվում են հետևյալ մոտեցումների վրա, որ եթե կարողանա Թուրքիան այս ծանր պայմանները տարվա երկրորդ կեսին, որոնք ավելի ծանր կլինեն, հաղթահարի, այսինքն` բարձր սղաճը, լիրայի արժեզրկումը, բնակչության կենսամակարդակի անկումը, եթե Թուրքիան կարողանա դա հաղթահարել, իսկ ամեն ինչ իրենք պետք է անեն, որ հաղթահարեն, մյուս տարվանից կսկսի տնտեսության աճը և բնակչության կենսամակարդակի բարելավումը:
Հարևան երկրում հայտարարվում է, որ մինչև մյուս տարվա մայիս երկրի տնտեսությունը կվերականգնվի, նշում է Սաֆրաստյանը:
Ռուբեն Սաֆրաստյան — Ինչու «մայիս» վերջնական ժամկետը, որովհետև հունիսին նախատեսված են ընտրություններ` և խորհրդարանական, և նախագահական, այսինքն` հաշվարկն այն է, որ ընտրությունների նախօրեին միանգամից բնակչության համար պարզ դառնա, որ նորից Թուրքիան զարգանում է:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը ունի նաև 180 մլրդ դոլարի արտաքին պարտքի մարման պարտավորություն, ինչը լիրայի արժեզրկման պայմաններում լուրջ ռիսկեր է ստեղծում՝ ընդգծում է Արմեն Քթոյանը:
Արմեն Քթոյան — Տարեսկզբին BB-ից նվազում կատարվեց B+-ի ռեյտինգը, էլի այն ժամանակ բացասական սպասում էր, և հիմա էլ, այո, բացասական սպասումը կարող է նշանակել, որ առաջիկա ամիսներին կամ հաջորդ ռեյտինգավորման ժամանակ կարող է նվազել մինչև B-, իսկ դրանից հետո արդեն C կարգի ռեյտինգներն են, որ բացառապես սպեկուլյատիվ և բարձր ռիսկային պարտավորություններին են վերաբերում:
Ըստ Fitch գործակալության` Թուրքիայի միջազգային պահուստները ճնշման տակ են, և կանխատեսվում է, որ այս տարի 101 մլրդ դոլարից կնվազեն մինչև 94-ի, իսկ հաջորդ տարի կդառնան 88 մլրդ դոլար:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան