Կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու համագործակցությունն Արգենտինայի հետ. ՀՀ վարչապետ

Կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու համագործակցությունն Արգենտինայի հետ. ՀՀ վարչապետ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունն Արգենտինայի հետ և հույս հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս երկու երկրների միջև հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ:
Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հավելել, որ մեր երկիրը պատրաստ է արգենտինյան ընկերությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությունից և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է այդ ուղղությամբ գործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնել: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Դեսպան Վերգարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի ու Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ:
Դեսպանը տեղեկացրել է, որ տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր զարկ տալու նպատակով քննարկվում է Հայ-արգենտինական առևտրային պալատի ստեղծման հարցը:
Մարիանո Վերգարան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է Արգենտինայի հայ համայնքի դերը, որը նրա խոսքով, բավականին համախմբված է և մեծ հարգանք է վայելում իր երկրում:

Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: