ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՂՈԹՔԻՆ

2017 թվականի հունվարի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք:

2017 թվականի հունվարի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք:

100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է:

Վրաստանում միասնության ա
յս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու կողմից: Ամեն տարի էկումենիկ աղոթքն իրականացվում է այս չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ:

Այս տարի միասնության աղոթք բարձրացնելու պատվին արժանացել էր Լյութերական Եկեղեցին:

Էկումենիկ աղոթքին ներկա էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոյահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Գերաշնորհ Մերաբ Գափրինդաշվիլին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ, բազում հավատացյալներ:

Աղոթքի ծիսական արարողությանը մյուս Եկեղեցիների հետ միասին մասնակցեցին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հավատացյալները, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը:

Հոգևոր առաջնորդն իր խոսքում արժևորեց քրիստոնյաների միասին հավաքվելը և Աստծու ողորմությունը հայցելը, ընդգծեց ազգային և կրոնական բազմազանությունը, կրոնական բարեփոխումները և նման հանդիպումների կարևորությունը:

Աստծու խոսքին միասնաբար ծառայության ընթացիկ տարվա կարգախոսն էր «Քրիստոսի սերը մղում է դեպի հաշտություն»: Էկումենիկ աղոթքի մասնակիցները մարդկային մեղքերը խորհրդանշող աղյուսներով շարեցին բաժանման այն պատը, որը բարձրանում է սիրո պակասությունից, ատելությունից ու նախանձից, սուտ մեղադրանքներից, խտրականությունից, հետապնդումից, հաղորդությունից կտրվելուց, անհանդուրժողականությունից, կրոնական պատերազմներից, պառակտումից, իշխանության չարաշահումից, օտարացումից, ամբարտավանությունից: Սուրբ Գրքից հատվածների ընթերցանությամբ և հոգևոր երգերի ուղեկցութամբ տարբեր ազգի և հավատքի մասնակիցները միասին աղոթք արեցին մեղքերի թողության, ներողամտության և Աստծուց ու միմյանցից բաժանող պատը քանդելու աղերսով:

Մարդկանց հոգիները միացնելու ու ամբողջականացնելու, միմյանց զորավիգ լինելու շունչն ու ջերմությունն էր տիրում էկումենիկ աղոթքի ժամանակ:, Քրիստոնեական սիրով ու հավատքով չարության պատը վերածելով զորավոր խաչի, աղոթք բարձրացվեց նաև Աստծու խոսքը լսելու, միասին լինելու և աշխարհում խաղաղություն հաստատելու խնդրանքով:

Առաջնորդ եպիսկոպոսները սիրո և խաղաղության լույսով վառեցին հավատացյալների մոմերը:Էկումենիկ աղոթքն ավարտվեց առաջնորդների կողմից իրենց մայրենի լեզվով աղոթքով և օրհնությամբ:

Աղբյուր՝ armenianchurch.ge