Ինչպես Ջավախքցիները դիմավորեցին Եվրոպայի չեմպիոնին (Photo)
		01.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ


Այսօր՝ հունիսի 1֊ին, իր թիմի հետ հայրենի Ջավախք վերադարձավ տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության չեմպիոն Արտյուշ Գոմցյանը։

Նրան դիմավորելու համար ախալքալաքցիները այցելել էին դեպի վրաց֊հայկական պետական սահման։ Ձեռնարկողը Ախալքալաքի քաղաքապետարանն էր, ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցները՝ փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի գլխավորությամբ։

Արտյուշի մուտքը դեպի հայրենի Ջավախք ուղեկցվեց շնորհավորանքներով եւ ծափողջյուններով, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը դափնեպսակով ընդառաջեց, իսկ հաղթողին վայել երաժշտությունն ապահովում էին Ախալքալաքի մշակույթի տան երաժիշտները։

Պետական սահմանին Արտյուշին դիմավորելուց հետո մեքենաների շարասյունն ուղեւորվեց դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակ, որտեղ չեմպիոնի վերադրաձին էին սպասում հարյուրավոր ախալքալաքցիներ։

Եկեղեցու բակում Արտյուշին դիմավորեցին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Իր օրհնանքի խոսքն հղեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական տեղապահ Տեր Նշան վրդ. Հմայակյանը։

Մեծարմանը ներկա էր նաև վերջերս Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Գոռ Այվազյանը։

Արտյուշի մարզիչը Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանն է, ով Վրաստանի վաստակավոր մարզիչ է։

«Բոլոր մարտերում Արտյուշը փայլել է, կարողացել է ծանր մարտ վարել եւ հաղթել։ Առաջիկայում Եվրասիայի առաջնություն է սպասվում, սակայան թե ով կմասնակցի ընտրում են ազգային հավաքականում։ Արտյուշն արդարացրել է սպասելիքները։ Շնորհակալ եմ մեզ աջակցողներին։ Արտյուշը ռինգում իրեն աջակցողների ներկայությունը զգացել ու ոգեւորվել է, իսկ աջակիցները շատ էին։ Շնորհակալ եմ նաև տեղական իշխանություններին աջակցության եւ վստահության համար, շնորհակալություն նաև բոլորին, ովքեր այստեղ ներկա են»,֊ նշեց Ատոմ Էլիզբարյանը։

Արարողության վերջում «Ջավախք» համույթի տղաները չեմպիոնների եւ ներկաների համար պարեցին հաղթական Յարխուշտան։

Հիշեցնենք՝ Արտյուշ Գոմցյանը  նվաճել է Երևանում կայացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության չեմպիոնի տիտղոսը։  Գոմցյանը հանդես էր գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում, որն այս առաջնության առաջատարն է՝ 3 ոսկե եւ մեկ արծաթե մեդալով;