Ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն չեն վիճարկում, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը այն կողմինն է, որի տարածքով դրանք անցնում են. Զախարովա

Ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն չեն վիճարկում, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը այն կողմինն է, որի տարածքով դրանք անցնում են. Զախարովա



Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Միութենական պետությանը» Հայաստանին անդամակցելու վերաբերյալ հնարավոր ճնշումներին:
Դիվանագետի խոսքով՝ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. որևէ մեկը չի կարող նման փաստեր ներկայացնել:
Զախարովան նշել է, որ կեղծ է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելու հարցում Երևանի նկատմամբ ճնշումների առկայության մասին թեզը:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային միջոցների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ: Դրանց թվում են Հայաստանի հարավում երկաթուղային գծի երթևեկության վերականգնման հետ կապված հարցերը։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով դրանք անցնում են»,- եզրափակել է Զախարովան: