Ֆրանսիայի շրջանների հետ հարաբերությունների զարգացումն Արցախի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան

Ֆրանսիայի շրջանների հետ հարաբերությունների զարգացումն Արցախի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան



Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ:

Իր խոսքում Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Օվերն Ռոն Ալպ շրջանի հետ ավանդական դարձած կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում համոզմունք է հայտնվում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի հարգման պայմանով, ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային, Եվրամիությանը և միջազգային հանրությանը համախմբված մնալ՝ պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը:
Հռչակագրում ասվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունները շարունակվում են, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել հայտարարության դրույթները և ոչ էլ դրան հաջորդած բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները:
«Արցախից հետո հարձակման ենթարկելով Հայաստանը, ռմբակոծելով և մասնավորապես թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ Ադրբեջանը ցանկանում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ (միջանցք) ստեղծել իր տարածքի և Նախիջևանի միջև՝ կտրել-անցնելով Արցախի տարածքը և Սյունիքի մարզը»,- ընդգծվում է հռչակագրի մեջ:
Օվերն Ռոն Ալպ շրջանը վերահաստատել է իր հավատարմությունը ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին և գաղափարներին և անհանդուրժելի համարել հարձակումները սահմանների երկայնքով և քաղաքացիական բնակչության ռմբակոծումները, որոնց միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպել Հայաստանին գնալ զիջումների Արցախի հարցում և ընդունել Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանությունը:
Այցի ընթացքում Արայիկ նախագահը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Քննարկվել են Լիոն քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Լիոնի քաղաքապետը հավաստիացրել է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն: