ՄՊՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Մրցակցության քաղաքականության նպատակները» համաժողովին

ՄՊՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Մրցակցության քաղաքականության նպատակները» համաժողովին


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում կայացած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)՝ մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո:

 

Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:

 

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ մրցակցության հարցերով փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել է հետագա համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: «Հայաստանին միասնական աջակցության շրջանակ. տնտեսական կառավարում» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ կայացած հանդիպմանը:

 

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ, ներկայացվել են շնորհանդեսներ, փորձագիտական ակնարկներ մրցակցության քաղաքականության նպատակների, մրցակցային մարմինների և ոլորտային կարգավորողների միջև գործակցության, սուբսիդիաների, մրցակցության և առևտրի, մրցակցային իրավախախտման դեպքերի կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացման և այլ թեմաներով: