«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը Ախալքալաքում հանդիպում անցկացրեց

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության կողմից կազմակերպված հանդիպում-քննարկում:
Ներկա էին Սամցխե֊Ջավախքից հոգեւորականներ եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության աշխատակիցները ներկայացրին իրենց գործունեության եւ նպատակների մասին, մասնավորապես Մարտին Հայաստանում կայանալիք համաժողովի մասնակցության հնարավորության մասին։
Հատկանշական է, որ Վրաց֊հայկական պետական սահմանի Բավրայի անցակետում «Ապագա հայկականը» Զարգացման Հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանին եւ հիմնադիրներ Արթուր Ալավերդյանին եւ Արամ Բեկչյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Հիմնադրամից մեզ հայտնում են, որ որևէ պատճառ չեն հայտնել մուտքի արգելքի վերաբերյալ։
Այսօրինակ հանդիպումներ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը անց է կացրել Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում։
Նշենք՝ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը ֆինանսավորվում է «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի կողմից, որի նախաձեռնողներն են Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, Արամ Բեկչյանը, Դավիթ Թավադյանը եւ հայտնի Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը:
Ինչպես տեղեկացնում են կազմակերպությունից, հիմնադրամի նպատակն է մշակել և իրականացնել առաջիկա 20 տարիների համար Հայաստանի զարգացման տեսլականի ծրագրեր։