Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը. դիվանագետ

Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС-ը։
«Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է միանգամայն անկախ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը լավ հայտնի է՝ հիշեցնելով ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան շարունակելու է կողմերին քաջալերել՝ առաջ շարժվելու բանակցություններում և օգտվելու խաղաղության հասնելու հնարավորությունից:
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը բանաձևեր են ընդունել՝ կոչ անելով կառավարությանը դիտարկել ադրբեջանցիների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե վերջինս շարունակի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ: