Հռոմի Պապի ախլցխեցի թեկնածուի՝ Կարդինալ Աղաջանյանի սրբադասման գործընթացը
		21.12.2022 Sona Tonakanian Ախալցխա, Հարցազրույց, Հոգեւոր, Մշակույթ, Պատմություն


Հռոմի Սուրբ Հովհաննես մայր տաճարում սկիզբ է դրվել Կարդինալ Աղաջանյանի երանացման և սրբադասման արարողակարգին։

Կարդինալ Աղաջանյանի սրբադասման արարողակարգի մասին կարճ զրույց ենք ունեցել Մխիթարյան միաբանության միաբան Հայր Գևորգ Սարգսյանի հետ։

 

-Խնդրում եմ ներկայացրեք ի՞նչ փուլում է գտնվում Կարդինալ Աղաջանյանի սրբադասման գործընթացը և հաջորդիվ ի՞նչ փուլեր են սպասվում։

 

Հայր Գեւորգ Սարգսյան ֊ Այստեղ Հռոմի չորս մեծագույն տաճարներից մեկում՝ Սուրբ Հովհաննեսի եկեղեցում տեղի ունեցավ երանացման և սրբադասման թեմական բաժնի սկիզբը` այսինքն սկիզբ տրվեց իրապես հաջորդ քայլերին, որոնց վերջակետը պետք է լինի սրբադասումը՝ անձի սուրբ հռչակումը։ Այս ընթացքը կշարունակվի մի քանի տարի, որի ընթացքում կուսումնասիրվեն իր գրություններն ու աշխատությունները, կհավաքվեն նրա անձի մասին վկայություններ, եւ որպես ամփոփում դրանք կկնքվեն եպիսկոպոսաց հավատարմության կնիքով։ Ավելացնեմ, որ թեմական բաժնի փուլում ըստ Եկեղեցու կանոնի ու կանոնադրության հնարավոր է լինել նաև գերեզմանի բացման արարողությունը, որպեսզի եկեղեցու և բժկության կողմից ուսումնասիրվի՝ արդյո՞ք իր մարմինը անփութ է, թե՞ արդեն ամբողջովին քայքայված։ Այսօրվա եկեղեցու մեջ, գոնե կաթոլիկ աշխարում կան սրբեր և սրբուհիներ, որոնց մարմինը անփութ է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Աստծո սերը մարդկության հանդեպ, տեսանելի ու շոշափելի հրաշքներ մարդկանց համար։ Այս ամենից հետո, որը կոչվում է թեմական բաժնի փակում որտեղ նոր սկիզբ է դրվում հաջորդ փուլին՝ այսինքն, եթե ուսումնասիրությունները ցույց կտան անձի սրբության բուրմունքը ու գործընթացի դրական ընթացքը, եկեղեցին ու հավատացյալները միասնաբար սկսում են աղոթել խնդրելով իր բարեխոսությունը որեւէ շնորհքի համար որ մարդս կարիք ունի, որը կարող է լինել հոգեւոր բժշկությունից մինչեւ մարմնավոր բժշկություն։ Ու երբ ստանանք այդ մեր խնդրանքը անմիջապես պիտի տեղեկացնենք պատասխանատու մարմիններին որպեսզի ուսումնասիրվի ու ըստ արժանվույն արձանագրվի։ Երանացման համար եկեղեցին սպասում է հրաշքների որոնք անբացատրելի են լինելու բժշկության կողմից։

Կարդինալ Աղաջանյանը սրբադասման քայլրերի միջից ծառա Աստծո փուլում է, հաջորդ քայլը կլինի երանաշնորհ, այնուհետև երանելի, իսկ վերջում սուրբ։ Սուրբ դասվելուց հետու եկեղեցու մեջ իր անվամբ ու պատկերով խորաններ կնվիրվեն։

Աղաջանյանը՝ կարդինալական կոչումը ստանալուց հետո նա շարունակում է իր համեստ կյանքը ապրել ծառայելով Աստծուն, եկեղեցուն եւ իր ժողովրդին, ստեղծելով անքակտելի կապ հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ։

 

Մխիթարյան միաբանության միաբան Հայր Գևորգ Սարգսյանը, ով նույնպես Ախալցխայից է, մեզ հաղորդում է մանրամասներ Կարդինալ Աղաջանյանի կենսագրությունից։

Կաթոլիկ աշխարհի Կարմիր Պապը՝ նույն ինքը (Ղազարոս) Գրիգոր Աղաջանյանը ծնվել է Ախալցխայում՝ Կարինից գաղթած հայ ընտանիքում, 1895 թվականի սեպտեմբերի 18-ին։ Նա սկզբնական կրթությունը ստանում է տեղի հոգևոր դպրոցում, այնուհետև 11 տարեկանում տեղափոխվում է Իտալիա՝ Հռոմ և շարունակում է ուսումը Ուրբանյան ուսումնարանում։ 1917 թվականին դեկտեմբերի 23-ին Աղաջանյանը օծվում է կուսակրոն քահանա, կրում է Ֆրանչեսկո անունը։ Նա վերադառնալով հայրենիք 2 տարի ծառայում է Թբիլիսիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ Կաթոլիկ եկեղեցում։ 1921 թվականին նրան հետ են կանչում Հռոմ և նշանակում Լևոնյան հայկական վարժարանի փոխտնօրեն, իսկ 1932 թվականին նա էր գլխավորում տվյալ ուսումնական հաստատությունը։ 1935 թվականի նա ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 1937թվականի նոյեմբերի 30֊ ին, 42 տարեկան հասակում Ֆրանչեսկո Աղաջանյանը ընտրվեց հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք, ստանալով Գրիգոր Պետրոս XV անունը։ 1939 թվականին, Բեյրութում՝ Հայ կաթողիկե եկեղեցու պատրարքական նստավայրի բակում, կառուցում է հայոց ցեղասպանության նվիրված առաջին հուշարձաններից մեկը։ Գրիգոր Պետրոս XV ֊ը 1946 թվականի փետրվարի 18-ին Պիոս 12 Սրբազան քահանայապետի կողմից ընտրվում է կարդինալ և սկսած 1958 թվականից գլխավորում Կաթոլիկ աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող գրասենյակներից մեկը հավատքի տարածման գրասենյակը։ Կարդինալ Աղաջանյանի ենթակայության ներքո ծառայել են շուրջ 75 հազար հոգևորական, կաթոլիկ հավատքը աշախարհով սփռող 50 հազար միսիոներուհի, Եպիսկոպոսներ, որոնցից շատերը Ուրբանյան համալսարանի իր սաներն են եղել։ Նա, որպես կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ առաջինն է, ով եղել է աֆրիկայում և օվկիանոսից այն կողմ քարոզել կաթոլիկ եկեղեցու հավատքը։ Պիուս 12-ի մահից հետո Կարդինալ Աղաջանյանը Պապի աթոռի հավակնորդներից ամենահավանականն էր և ժողովրդի կողմից շատ սպասվածը, սակայն արդյունքում Պապ դարձավ Հովհաննես 23-ը, ով անձամբ փաստել է Աղաջանյանի Պապ լինելու հավանականությունը՝ կաթոլիկ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։ Հովհաննես 23 Սրբազան Պապը ընտրությունների ընթացքը համեմատել է լոբու հատիկներով լցված տարայի հետ, որը շրջելու պատճառով լոբու հատիկները տարայի շարժմամբ համընթաց մեկ վերև են բարձրանում, մեկ ներքև իջնում, այդպիսով մեկ դուրս էր գալիս Կարդինալ Աղաջանյանի անունը եւ մեկ Կարդինալ Ռոնքալլի անունը ով դարձավ Հովհաննես 23-րդ պապը։ Կարդինալ Աղաջանյանը երկրոդ անգամ եւս Պապի աթոռին հավակնել է 1963 թվականին, սակայն այդ ժամանակ նույնպես նա չընտրվեց, բայց մնաց հավատքի գրասենյակի կարդինալի պաշտոնում։ 1970 թվականին Կարդինալ Աղաջանյանը հրաժարվում է հավատքի տարածման ղեկավարի պաշտոնից՝ առողջակնան խնդիրների պատճառով և 1971 թվականին Հռոմում մահանում է։ Նրա աճյունը հանգչում է «Լևոնյան» հայ վարժարանի՝ Սուրբ Նիկողայոս Տոլենտինոյի եկեղեցու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված խորանին քով գտնվող դամբարանում։