ԱՄԷ-ն հույս ունի Թուրքիայի հետ առևտրային գործարք կնքել

Արաբական Միացյալ Էմիրությունները հույս ունի մոտ ապագայում ավարտել Թուրքիայի հետ առևտրային գործընկերության համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մեծացնել առևտրի ծավալը: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը Ստամբուլ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում Աբդուլլահ բեն Զայիդը հանդիպել է նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի հետ՝ տեղեկացնում է hurriyetdailynews-ը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ուղիները և տարածաշրջանային խնդիրները, կարևորել են խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի ընդլայնումը: Քննարկված հարցերի թվում են եղել էներգակիրների մատակարարումների կայունությունը և պարենային շուկաների վիճակի վատթարացումը։
Թուրքիան և ԱՄԷ-ն մոտ մեկ տասնամյակ լռությունից հետո իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացում են։ Երկու երկրի ղեկավարները ջանքեր են գործադրում շտկելու հարաբերությունները փոխադարձ այցելությունների միջոցով։
Աբդուլլահ բեն Զայիդն ընդգծել է, որ ԱՄԷ-Թուրքիա հարաբերություններն անշեղորեն աճում և զարգանում են, երկու երկրի իշխանությունները վճռական են տրամադրված շահեկան գործընկերության կայուն մոդել հաստատելու հարցում: