Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին


ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային 2,1 միլիարդ դոլար արժողությամբ 500 հատ PAC-3 հրթիռների, ինչպես նաև դրանց առնչվող սարքավորումների վաճառքին։ Դրանք նախատեսված են ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գնումը «լիովին ֆինանսավորվելու է գործընկերների և դաշնակիցների»՝ մասնավորապես Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի կողմից՝ «Jumpstart» ծրագրի, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող վարկի միջոցով։ Բուն հրթիռներից բացի, մատակարարումը ներառելու է պահեստամասեր, ինչպես նաև նյութատեխնիկական և ծրագրային ապահովման աջակցություն։

«Այս գործարքը կաջակցի ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգության նպատակներին՝ ամրապնդելով գործընկեր պետության պաշտպանունակությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության գործոն է հանդիսանում»,- նշել են Պետդեպարտամենտում։ Նաև ընդգծվել է, որ որսացող հրթիռների վաճառքը «Ուկրաինային հնարավորություն կտա մեծացնել իր կարողությունները՝ դիմակայելու ներկա և ապագա սպառնալիքներին»՝ ամրապնդելով երկրի հակաօդային պաշտպանության համակարգը։

Մատակարարը կլինի «Lockheed Martin»-ը՝ Պենտագոնի առանցքային կապալառուներից մեկը։

Պետքարտուղարությունը հավելել է, որ գործարքի իրականացումը «չի պահանջի ԱՄՆ կառավարության կամ կապալառուների լրացուցիչ անձնակազմի տեղակայում Ուկրաինայում» և «բացասական ազդեցություն չի ունենա» ԱՄՆ զինված ուժերի «մարտական ​​պատրաստության վրա»։ Սպիտակ տունն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին, որ գործարքը հաստատվել է։

Օրենսդիրները 30 օր ունեն՝ մատակարարման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։