Թուրքիայի նախագահի խորհրդականն աշխատանքից ազատվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո

Թուրքիայի նախագահի խորհրդականն աշխատանքից ազատվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո


Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալն աշխատանքից ազատվել է դպրոցներում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ Ադրբեջանի իշխանություններին քննադատելուց հետո` հաղորդում է Cumhuriyet-ը։

Ավելի վաղ Սարալը հայտարարել էր, որ անթույլատրելի է հիջաբով աշակերտների կրթություն ստանալուն խանգարելը: Նա կոչ է արել վերացնել արգելքը, որից հետո Ադրբեջանում իշխող «ԵՆոր Ադրբեջան» կուսակցությունը մի քանի թուրք քաղաքական գործչի մեղադրել է հանրապետության ներքին գործերին միջամտելու համար:

Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելն անթույլատրելի է»:

Middle East Eye-ի տվյալներով՝ Ադրբեջանն է պահանջել Օքթայ Սարալի պաշտոնանկությունը։ Մինչդեռ Էրդողանի նախկին խորհրդականը հայտարարել է, որ նախագահն է իրեն նշանակել այդ պաշտոնում և ինքը հրաժարական է տվել նրա հանձնարարությամբ, որևէ մեկի նկատմամբ հակակրանք չունենալով:

Թուրքիայում դժգոհություն են առաջացնում նաև Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում: