Թեհրանը նոր անակնկալներ է պատրաստում ԱՄՆ-ի համար. Ռեզաի

Թեհրանը նոր անակնկալներ է պատրաստում ԱՄՆ-ի համար. Ռեզաի


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Թեհրանը նոր անակնկալներ է պատրաստում ԱՄՆ-ի համար: Մոհսեն Ռեզաիի խոսքով՝ հակառակորդի յուրաքանչյուր սխալ կարող է հակամարտության նոր ճակատներ բացել։

«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն ղեկավարության, ժողովրդի աջակցության և պետական համակարգի բոլոր օղակների միջև համակարգման շնորհիվ Իրանը կհաղթահարի ստեղծված բարդ իրավիճակը»,- շեշտել է պաշտոնյան։

Իրանի նախագահն էլ մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ը հարձակվում է Իսլամական Հանրապետության վրա հենց այն պահին, երբ սկսվում են բանակցությունները։

Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ անիմաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի դեռ ամերիկյան կողմը սպառնում է Իրանին հարձակումներով և պատժամիջոցներով։

«Նրանց նպատակն է տապալել մեր քաղաքական համակարգը», — հավելել է Փեզեշքիանը։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը կրկին չի բացառել, որ հակամարտությունը կարող է ավարտվել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը կամ դրանից հետո։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամեն ինչ այսպես թե այնպես շատ արագ կավարտվի: