ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր
Նոյեմբերի 22-ին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզ կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մառնեուլիի շրջանի հայաբնակ Շահումյան, Խոժոռնի և Աղքյորփի գյուղեր։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել տեղի և հարակից գյուղերի հայ բնակիչների հետ։
Դեսպանին ուղեկցել է Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Կախա Կոբերիձեն։
Պատվիրակությունն այցելել է նշված գյուղերի հայկական դպրոցներ, ծանոթացել համայնքներում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև լսել բնակիչների բարձրացրած հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են կրթության ոլորտին։
Շահումյան գյուղում ՀՀ դեսպանն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնուհետև Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը, Մառնեուլիի սակրեբուլոյի հայազգի պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է հայտնի տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին։