Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով:
Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ Չինաստանի ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։
Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը գրանցել է պատմակակ նշանակության ձեռքբերումներ, որոնք վկայում են չին ժողովրդի հետևողական աշխատանքի, ստեղծարար ներուժի և զարգացման հեռանկարային տեսլականի մասին՝ ամրապնդելով երկրի կարևոր դերակատարումն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Առանձնահատուկ գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունն ու բազամոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք գրանցել նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և առաջընթաց»։
Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ընդունեք խնդրեմ ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։
Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ և այսօր իր տնտեսական ներուժով, գիտատեխնոլոգիական կարողություններով և միջազգային ներգրավվածությամբ կարևոր դերակատարություն ունի գլոբալ զարգացման օրակարգում։
Ուրախությամբ եմ փաստում, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն:
Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն, հարատև առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ»։