Եվրոպական մի շարք երկրներում շարունակվում են բողոքի ցույցերը

Եվրոպական մի շարք երկրներում շարունակվում են բողոքի ցույցերը


Իտալիայի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում՝ ուսանողներ և աշխատողներ, ցույցերի են դուրս եկել՝ բողոքելով կենսապահովման ծախսերի բարձրացման և ռազմական ծախսերի ավելացման դեմ, ինչպես նաև պահանջելով աշխատավարձի բարձրացում և հանրային ծառայությունների որակի բարելավում:

Ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, սակայն Հռոմում և Թուրինում ակցիայի մասնակիցներին հետ մղելու համար իրավապահները գործի են դրել ջրցան մեքենաներ: Մոտ 15 000 ուսանող և նավահանգստային աշխատող մտել են Ջենովայի նավահանգիստ՝ բողոքելով զենքի մատակարարման համար նավահանգիստների օգտագործման դեմ:

Վերջին շաբաթներին ցույցեր են անցկացվել եվրոպական այլ քաղաքներում ևս: Գերմանիայի շուրջ երեք տասնյակ քաղաքներում հոկտեմբերի 31-ի ակցիաներին ակնկալվում է ավելի քան 160 000 ցուցարարի մասնակցություն: Կազմակերպիչները պահանջում են կրթության որակի բարելավում և կենսապահովման ծախսերի նվազեցում:

Ֆրանսիայում ցույցերին ընդառաջ տեղակայվել է 70 000 իրավապահ՝ զսպելու հնարավոր անկարգությունները: Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է թույլ չտալ, որ կրկնվեն օրեր առաջ տեղի ունեցած բռնություններն ու թալանը: Երթերը կանցկացվեն քաղաքային կենտրոններից հեռու՝ խանութները պաշտպանելու համար: